Արմինֆո. Երևանի ավագանու "Մայր Հայաստան" դաշինքի խմբակցության անդամ Նարե Հայրապետյանին (Նարե Սոսե) առևանգել են: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
Նրա գրառման համաձայն, առևանգողները որոշակի քաղաքական պահանջներ են ներկայացրել առևանգվածին և նախազգուշացրել նրա հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ: «Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Իրավապահ մարմիններից պահանջում ենք բացահայտել հունվարի 15 - ին տեղի ունեցած միջադեպը", - ասվում է Մանուկ Սուքիասյանի հայտարարության մեջ:
Միջադեպին անդրադարձել է նաև Shamshyan.com կայքը, որի հաղորդման համաձայն, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ «Փաստաթղթերը ձևակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։ Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել», - հաղորդել է կայքը։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հաղորդման համաձայն, տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: "Առևանգման փաստի առթիվ հաղորդում է ստացվել, ինչի առնչությամբ հունվարի 17-ին Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել ։ Ոստիկանությանը հանձնարարվել է կատարել քննություն և կարևոր տեղեկությունները փոխանցել վարույթն իրականացնող քննչական մարմնին", - նշել է Գոռ Աբրահամյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ