Արմինֆո.Ադրբեջանցիները շարունակում են ոչխարագողությամբ զբաղվել Հայաստանի հետ սահմանին։ Ինչպես հայկական լրատվամիջոցներին պատմել են Սյունիքի մարզի Արավուս համայնքի ավագանու "Ապրելու երկիր" ընդդիմադիր խմբակցության նախկին անդամներ Մասիս Զեյնալայանն ու Արգամ Հովսեփյանը, այսօր ադրբեջանցիները գյուղի բնակչից գողացել են 200 գլուխ ոչխար: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում ։
Նրանք պատմել են, որ ադրբեջանցիները 44-օրյա պատերազմից հետո օկուպացրել են համայնքի արոտավայրերի մեծ մասը։ Նրանց խոսքով ՝ գյուղի արոտավայրերի մնացած մասը մոտ է ադրբեջանական դիրքերին, և այսօր առավոտյան գյուղի բնակիչներից մեկի կողմից ոչխար արածեցնելու ժամանակ թշնամական կողմը 400 գլուխ հոտից գողացել է 200 գլուխ: Նրանք նաև հաղորդել են, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել հակառակորդի այդ գործողությունները կանխելու համար:
Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն, իր հերթին, հայկական լրատվամիջոցներին հաղորդել է, որ ոչխարների ՝ ադրբեջանական կողմ անցնելու հանգամանքներն ուսումնասիրվում են համապատասխան մարմինների կողմից: Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ որևէ միջադեպ, հրադադարի ռեժիմի խախտում կամ ներթափանցման փորձ չի արձանագրվել:
Հավելենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները առանց հետևանքների գողանում են հայ գյուղացիներ խոշոր և մանր եղջերավոր անասունները: 2021 թվականի օգոստոսին ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կապան համայնքի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի երեք ընտանիքներին պատկանող 8 կով և 1 ցուլ ։ Նույն թվականի հունիսի 16-ին ադրբեջանական զինծառայողները Վերին Շորժա գյուղի արոտավայրում հովվից գողացել են կովը և նոր ծնված հորթը և անմիջապես դանակահարել նրանց: Նույն թվականի հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակչից հափշտակել են ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: 2022թ. հունվարին Սյունիքի մարզի Տեղ համայնքում առեւանգել են հովվին ու ոչխարի հոտը և այլն: