Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն, Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին Կոմիտեի վարույթում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվն աճել է 98,8 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը՝ 96,5 տոկոսով, ինչը պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ և բացահայտումների աճով:
Ռիչարդ Նեֆյուն, ով նաև նախագահել է նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը, Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին շնորհակալություն է հայտնել այդ համաժողովում Հայաստանի կողմից լուրջ և բարձրաստիճան ներկայացուցչություն ապահովելու համար և նշել, որ այժմ արդեն պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն համաժողովի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ընդունված բանաձևերի իրագործման ուղղությամբ: Ռիչարդ Նեֆյուն միաժամանակ ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ: