Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ շրջանառվող "միջանցքային տրամաբանության" թեզը համարում է նկրտում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
«Երբ ասում ենք, որ դա ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, նրանք ասում են, որ կա միջազգայնորեն ընդունված թեզ Հյուսիսային միջանցքի, Հարավային միջանցքի և այլնի մասին: Հենց նույն Ադրբեջանն ասում է, որ իրենք այդ ձևակերպումն օգտագործում են նաեւ Իրանի տարածքով անցնող հաղորդակցությունների, այդ թվում ՝ Ադրբեջանի արևելյան հատվածներից Նախիջևան անցնելու, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի վերաբերյալ, որը Ռուսաստանից անցնում է Ադրբեջանով՝ Իրան: Եւ հիմա այդ բառախաղերից դուրս գալու համար մենք ասում ենք, որ պատրաստ ենք Նախիջևանի հետ Ադրբեջանի կապն ապահովել նույն պայմաններով, որով այդ կապն ապահովում է Իրանը՝ ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհներով», - հայտարարել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գավառում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։
Նա հավելել է, որ այդ համատեքստում փորձեր են արվում հղում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Մինչդեռ, ինչպես նշել է Հայաստանի վարչապետը, եռակողմ հայտարարության երեք կողմերից երկուսը ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբեր, ըստ էության, ցույց են տվել, որ այդ փաստաթուղթն իրենց համար գոյություն չունի։ "Լեռնային Ղարաբաղում, ընդ որում, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ ձեռնարկված գործողությունները վկայում են այն մասին, որ նրանց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի։ Չի կարող լինել այնպես, որ եռակողմ հայտարարության երկու կողմերի համար այդ փաստաթուղթը գոյություն չունենա, բայց երրորդ կողմի համար շարունակի գոյություն ունենալ», - ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում հայտարարում են, թե, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, իրենք հասել են այն բանին, որ, "այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը" ամրագրվի, եւ որ ՌԴ-ն ապահովի այդ ճանապարհների անվտանգությունը։ "Նման բան, ընդհանրապես, որևէ տեղ գրված չէ, որ ՌԴ-ը պետք է ապահովի հաղորդակցության անվտանգությունը ՀՀ որևէ տարածքում։ Հակառակը՝ գրված է, որ ՀՀ-ը պետք է ապահովի, և դա բնական է։ Էլ ո՞վ պետք է ապահովի: Էլ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանն արդեն 3 տարի զարգացնում է "Զանգեզուրի միջանցքի" թեզը ՝ հղում անելով եռակողմ հայտարարությանը։ "Զանգեզուրի միջանցքի" մասին արտահայտություն գտնողին դրամական պարգև եմ խոստանում։ Բայց այդ մրցանակը ոչ ոք չի ստանա, քանի որ եռակողմ հայտարարության մեջ նման արտահայտություն, պարզապես, չկա", - ասել է նա։