Արմինֆո.Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները, գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին:
«Ալիևը հայտարարում է, որ սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։ Ի՞նչ է դա նշանակում։ Հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածը ձևավորվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ, որն այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։
Ղազախ-Թովուզի շրջանը ամբողջությամբ սահմանակից է Սոթքից հյուսիս՝ դեպի Նոյեմբերյան հատվածի հետ։ Այսինքն՝ սա սահմանի այն հատվածն է, որտեղ վերջին տարիներին որևէ էական ռազմական միջադեպեր տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով մեր դիրքերի անխախտությունը արդեն 30 տարի։ Եվ ահա, Ադրբեջանը սահմանազատումը սկսելով, գուցե և ավարտելով այդ հատվածում, նպատակ ունի սահմանի այդ հատվածում էլ ունենալ էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։
Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում», - գրել է Առաքելյանը։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի առաջնորդն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Հայաստանի հասցեին սպառնալիքների հերթական չափաբաժինն է հնչեցրել: Ավելին, նա կրկին տարածքային նկրտումներ է հայտնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ, պնդելով, թե դրանք Ադրբեջանի պատմական հողերն են, ճիշտ է, չբերելով իր մերկապարանոց պնդումների պատմական և իրավական հիմնավորումներ։ Խոսելով սահմանազատման գործընթացի մասին ՝ նա կրկին բարձրացրել է, այսպես կոչված, անկլավների հարցը։ Ավելին, Ալիևը, թևավորվելով իր անպատժելիությամբ, շարունակել է պահանջել արտատարածքային միջանցք Հայաստանի ինքնիշխան տարածքով։ "Ադրբեջանցիները չպետք է անցնեն ոչ սահմանային, ոչ էլ մաքսային հսկողություն, երբ Ադրբեջանից գնում են Ադրբեջան։ Մեղրիով երթուղի կա, այն գոյություն է ունեցել խորհրդային տարիներին. աշխատել է երկաթուղին, կառուցվել է ավտոճանապարհ։ Պետք է ապահովվի այդ երթուղին։ Եթե Հայաստանը չկատարի մեր պայմանը, ապա մենք չենք պատրաստվում Հայաստանի հետ սահմանը բացել ոչ մի կետում, եւ նրանք հավերժ կմնան տարածաշրջանի փակուղին", - պահանջել Է Ալիեւը։ Նա նաև խոստովանել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար հիմնական պայմաններն այժմ ստեղծված են։ "Հայաստանն ուզում է, որ խաղաղության այդ պայմանագիրը երաշխավորներ ունենա։ Մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Մեզ այնտեղ ոչ մի երաշխավոր պետք չէ, և եթե այն ստորագրվի երկկողմ ձևաչափով, ապա պետք է ստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք չենք առարկում և դեմ չենք դրան: Սակայն այդ օգնությունը չպետք է լինի հարկադրաբար", - ասել է Ալիև կրտսերը։