Արմինֆո. Երեւանը կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Բաքվի հետ բանակցությունները պետք է շարունակվեն արեւմտյան հարթակներում: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
"Մեզ համար շատ կարևոր է շարունակել արդեն ձևավորված բանակցային ձևաչափերը։ Դուք գիտեք, որ Վաշինգտոնում ձեւավորվել է արտգործնախարարների հանդիպումների ձեւաչափ, ինչպես նաեւ Եվրամիության միջնորդությամբ երկրների ղեկավարների միջեւ բանակցությունների ձեւաչափ։ Դա ավելացնում է բանակցությունների լեգիտիմությունը", - ասել է նա։
Խանդանյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ապագա խաղաղության պայմանագրում նախկինում համաձայնեցված սկզբունքների ամրագրումը, որոնց բացակայության դեպքում փաստաթուղթը չի ունենա այն արժեքները, որոնք ակնկալում է Երևանը:
Հանձնաժողովի ղեկավարը նաեւ հավելել է, որ Երեւանը պնդում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը այն երկրների ինքնիշխանության եւ իրավասության շրջանակներում, որոնցով դրանք պետք է անցնեն, սակայն պատրաստ է դիտարկել ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց տեղաշարժի վերաբերյալ որոշակի արտոնությունների տրամադրումը: