Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում բանակցություններ են ընթանում չմատակարարված սպառազինության հարցի շուրջ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
"Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ 2021 թվականից ի վեր Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցել է բազմաթիվ պայմանագրեր, որոնք չեն կատարվել, և մատակարարումներ չեն իրականացվել։ Այդ պայմանագրերի մասով բանակցություններ են ընթանում. ինչ-որ դեպքերում ֆինանսական հարցերը լուծվում են այլ եղանակով, իսկ որոշ դեպքերում համաձայնագրերը թարմացվում են մեր նոր կարիքներին համապատասխան, և այդ կերպ մենք փորձում ենք լուծել առկա խնդիրները։ Ներկայումս բացակայում են նոր պայմանագրերը", - ասել է նա, ևս մեկ անգամ հավելելով, որ մի շարք համաձայնագրեր թարմացվում են նոր կարիքներին համապատասխան։
Անդրադառնալով ռուսական հարթակում Ադրբեջանի հետ հանդիպումից Հայաստանի հրաժարվելուն՝ Գրիգորյանը հիշեցրել է, որ մոսկովյան բանակցությունների հիմքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն էր։ "Սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել։ Մինչ օրս Ռուսաստանը մեզ բացատրություն չի տվել այդ իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ", - ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։
Հաղորդավարի դիտարկմանը, թե՝ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով պարզաբանել է կատարվածը, նշելով, որ դա Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունք է, ԱԽ քարտուղարը կրկին խեղաթյուրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի դեկտեմբերի ելույթը։ Նրա ասելով՝ այն ժամանակ արդեն Ռուսաստանն Արցախը ճանաչել էր որպես Ադրբեջանի մաս։ "2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը պարտավորվել էր ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը", - ասել է նա, հավելելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնությունն այլևս չկա, և Մոսկվա գնալն անիմաստ է դառնում:
Միաժամանակ, նա նաև ընդգծել է, որ Հայաստանն այլևս ոչ մի ակնկալիք չունի ՀԱՊԿ-ից: Նրա ասելով՝ ՀԱՊԿ - ը երբեք չի ճանաչել Հայաստանի սահմանները, իր պատասխանատվության գոտին կովկասյան տարածաշրջանում, ինչը լուրջ խնդիր է: Պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի առաջարկել:
Խոսելով հավաքական Արեւմուտքի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության հարցում փոխգործակցության մասին՝ նա ընդգծել է, որ Հայաստանն արդիականացնում է իր բանակը եւ ձգտում է ձեռք բերել ժամանակակից սպառազինություն՝ իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու համար: