Արմինֆո. Երևանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է այն դերը, որն Իրանը կարող է ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման գործում: Այդ մասին դեկտեմբերի 27-ին Երեւանում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ողջույնի խոսքում իրանցի նախարարը փաստել է, որ Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է:
<Լավագույն մաղթանքներով շնորհավորում եմ գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը՝ իմ երկրի և մեր խորհրդարանի անունից: Այսօր մենք շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել նախարար Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Թեհրանի և Երևանի միջև համագործակցության, ինչպես նաև այն դերի մասին, որը կարող է խաղալ Իրանը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ակտիվ գործոն և երաշխավոր",- նշել Է Իրանի ԱԳ նախարարը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ <Իրանն իր հարևան Հայաստանի հետ պատմական կապեր է ունեցել, և այդ հարաբերություններն օրեցօր զարգանում են։ Մենք մեծապես կարևորում ենք մեր գլխավոր հյուպատոսության գործունեությունը, և այսօր մեր համաձայնությունն ենք հայտնել Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ: Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթներին մեր հայ գործընկերոջ հետ ականատես կլինենք Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը>, - ասել է Ամիր Աբդոլահիանը։
Միևնույն ժամանակ, նա ևս մեկ անգամ դրական է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումը և տարբեր մակարդակներում հանդիպումների դինամիկան: "Մենք լիովին աջակցում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և "Հյուսիս-Հարավ" տարանցիկ միջանցքի գործարկմանը։ Մենք ողջունում ենք պարոն Նիկոլ Փաշինյանի առաջարկած նախագիծը, որը ներկայացվել է որպես "Խաղաղության խաչմերուկ", և պատրաստ ենք հետևողականորեն գործել "Հյուսիս-Հարավ" տարանցիկ երթուղու զարգացման համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է խաղաղություն և կայունություն տարածաշրջանում ՝ առանց արտաքին ուժերի միջամտության: Միայն տարածաշրջանային երաշխավորների օգնությամբ հնարավոր կլինի խաղաղություն եւ անվտանգություն հաստատել բոլոր ոլորտներում", - ամփոփել է Իրանի ԱԳ նախարարը։