Արմինֆո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ կոնկրետ քաղաքական գնահատականներ տրվեն։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Քանի դեռ չկա Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման պահանջով ՀԱՊԿ-ի հայտարարություն՝ իրավիճակը չի փոխվի։ Մեզ պետք չէ, որ, օրինակ, բելառուս կամ ղազախ զինվորականները գան այստեղ և ուժով դուրս բերեն ադրբեջանական զորքերը։ Մեզ հարկավոր է քաղաքական գնահատական, ջանք», - ասել է նա։
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այն, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանում իր տարածքները, հավասար է այն բանին, որ կազմակերպությունը չի աշխատում:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն փաստաթղթերի հնարավոր ստորագրումը, որոնք իր հետ Հայաստան է բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, Սիմոնյանը նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: Սակայն, այդ առնչությամբ ընդգծել է, որ Հայաստանը մտադիր չէ տորպեդահարել ՀԱՊԿ գործունեությունը, և, եթե փաստաթղթերը չհակասեն մեր երկրի շահերին, ապա կստորագրվեն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանում հակառուսական ֆոն չկա։ Սիմոնյանն ընդգծեց, որ կա այն քաղաքականության, քայլերի մերժում, որոնք վերջին տարիներին իրականացվում են ռուսական կողմից։
ԱԺ նախագահը նաև չի բացառել, որ Հայաստանը հաջորդ տարի կարող է նախագահել ԵԱՏՄ-ում: «Չեմ բացառում, որովհետև այդ միության շնորհիվ մեր տնտեսությունն աճ է ցույց տալիս։ Կարծում եմ՝ կառավարությունը ճիշտ որոշում կկայացնի՝ եթե համաձայնի", - ասել է նա։