Արմինֆո.Չնայած սահմանափակ ժամկետին՝ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի մինչև տարեվերջ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու համար։ Այդ մասին "Ամերիկայի Ձայն"-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը:
«Կարծում եմ, որ իսկապես կարևորն այն է, որ երկու երկրները խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում: Նրանք անցած շաբաթ հայտարարեցին այս կալանավորվածների ազատ արձակման մասին, իսկ այժմ՝ հենց այս շաբաթ, կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ [աջակցություն] նրանց միջազգային ձգտումներին, որ [, օրինակ,] Ադրբեջանը հյուրընկալի կլիմայի հարցերով ՄԱԿ-ի հաջորդ համաժողովը, ինչի իրավունքն այժմ նա ստացավ: Հուսով ենք, դա շահավետ կլինի երկու երկրների համար, ինչպես նաև՝ Հայաստանի միջազգային ձգտումներին: Նման տեսակի աջակցության դրսևորումը՝ երկկողմանի նորմալ հարաբերություններ կառուցելուն ուղղված կարևոր քայլ է: Հուսով ենք, շատ շուտով ականատես կլինենք, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։ Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի». – ընդգծել է Օ՝Բրայենը:
Դիվանագետի հավաստմամբ, ԱՄՆ-ը երկու երկրներին հայտարարել է նրանց միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն իր աջակցության մասին: «Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով», - ընդգծել է պետքարտուղարի տեղակալը: