Արմինֆո. Բաքուն համաձայն չէ սահմանից զորքերի հայելային հետքաշման Երևանի առաջարկին։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
"Հայաստանի հետ սահմանի հետ կապված կան բաց հարցեր, ինչի պատճառով հնարավոր չէ զորքերը հետ քաշել։ Եթե վերջնական համաձայնություն չլինի, ապա ո՞վ կարող է երաշխավորել այդ տարածքների անվտանգությունը։ Զորքերի դուրսբերման գաղափարն անընդունելի է։ Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է մեր սահմանները", - ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են զորքերի հետքաշումը պետական սահմանից: "Հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը քննարկվել է և, հուսով եմ, կքննարկվի։ Ես չեմ կարող ասել, որ մենք ունենք վերջնական պայմանավորվածություն, դա գաղափար է, որը քննարկվում է", - նշել էր նա։