Արմինֆո. Երեւանն ու Բաքուն քննարկում են միջպետական սահմանից փոխադարձ հիմունքով զորքերի դուրսբերման հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ դեկտեմբերի 13-ին Էստոնիայի իր պաշտոնակից Մարգուս Ցախկնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան: Ես չեմ ուզում ասել, որ մենք գնում ենք համաձայնության, դա գաղափար է, որը քննարկվում է, կան նաև այլ գաղափարներ, որոնք քննարկվում են, բայց ես կարող եմ հույս հայտնել, որ նման փոխադարձ քայլերը դրական ազդեցություն կունենան հարաբերությունների կարգավորման վրա», - ասել է նախարարը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, "հանդիպումների ձեւաչափին": "Փաստորեն, աշխատանքի մեծ մասն արված է, մենք պետք է հանդիպենք և պայմանավորվենք խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման շուրջ", - ասել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարելի է ստորագրել մի քանի օրվա ընթացքում: «Ես ասել եմ, որ 10 կամ 5 օրվա ընթացքում հնարավոր է ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, սա արդեն 6-րդ փոխանակումն է։ Եթե Ադրբեջանը ոչինչ չփոխի, նոր առաջարկներ չանի, կարելի է դա անել մի քանի օրվա ընթացքում», - ասել էր Սիմոնյանը։ Ընդ որում, խոսելով Ղարաբաղի հայերի իրավունքները ժամանակին Հայաստանում ապրող ադրբեջանցիների իրավունքների հետ կապելու Բաքվի փորձերի մասին, Սիմոնյանը նշել էր, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ բերել հարցեր, որոնք արհեստականորեն կբարդացնեն խաղաղության պայմանագրի ստորագրումը: Նա չէր բացառել, որ որոշ ժամանակ անց, Բաքվի հակահայկական հռետորաբանության աստիճանի իջեցումից հետո, որոշ հայեր կգնան Ադրբեջան ապրելու, և ադրբեջանցիներից ոմանք կգան Հայաստան, առևտուր կանեն: