Արմինֆո.Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի գործող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտիանական հարաբերությունների շարունակական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Երկու նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններում համագործակցային մեծ ներուժի առկայությանը, որի կյանքի կոչման համար աշխարհագրական հեռավորությունը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ: Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են վերջին շրջանում հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ու հայ ժողովրդի առջև առկա մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահ Ֆերնանդեսն ընդգծել է, որ լինելով մասնագիտությամբ իրավաբան մշտապես իր ձայնն է բարձրացրել ընդդեմ հայ ժողովրդի դեմ կատարվող անարդարությունների:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը լիազորություններն ավարտող նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին պարգևատրել է Պատվո շքանշանով։
Նշենք, որ նախօրեին Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը երդում է տվել երկրի ղեկավարի պաշտոնում: Արարողությունը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի Կոնգրեսի շենքում։ 52-ամյա տնտեսագետ Միլեյը, որն առաջադրվել էր "Ազատությունը գալիս է" ազատական կուսակցությունից, հաղթել Է նոյեմբերի վերջին Արգենտինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով: Միլեյը, որին ԶԼՄ-ներում անվանում են "մինի-Թրամփ" և "շղթայական սղոցով տնտեսագետ", կզբաղեցնի այդ պաշտոնը մինչև 2027 թվականի վերջը: Նախագահական ընտրարշավի ընթացքում նա խոստացել էր, որ ընտրվելու դեպքում աննախադեպ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ կիրականացնի, և դրան կանցնի երդմնակալությունից անմիջապես հետո: Մասնավորապես, ի սկզբանե նա խոստացել էր տնտեսության դոլարացում իրականացնել։ Միլեյը նաև հայտնել է, որ կկրճատի պետական ծախսերը ՝ փակելով Արգենտինայի մշակույթի, կրթության և մշակութային բազմազանության նախարարությունները, ինչպես նաև կչեղարկի պետական սուբսիդիաները: Արգենտինան ներկայումս բարդ տնտեսական իրավիճակ է ապրում, երկրում գնաճը հասել է 143% - ի։ Այնուամենայնիվ, արդեն ընտրություններում հաղթանակից հետո, ինչպես նշել են լատինաամերիկյան լրատվամիջոցները, Միլեյը սկսել է պրագմատիզմ դրսևորել և հաղորդել է, որ հրաժարվում է ամենավիճահարույց և կտրուկ նախընտրական խոստումներից: