Արմինֆո. Այս տարի ռուսական կողմի հետ կանցկացվեն խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի դրույթների խախտման վերաբերյալ, որով կարգավորվում է Ռուսաստանում հայկական հեռուստաալիքների, իսկ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այդ մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նա նշել է, որ հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ առայժմ հստակ պայմանավորվածություն չկա, բայց հավաստիացրել է, որ խորհրդատվությունները, հաստատ, տեղի կունենան այս տարի: Հարցին, թե՝ արդյոք քննարկվում է Հայաստանում ռուսական ալիքների փակումը, Խաչատրյանը պատասխանել է, որ նման հարց օրակարգում չկա: "Ամեն ինչ կախված է խորհրդատվությունների ընթացքից", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որով կարգավորվում է Ռուսաստանում հայկական և Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Համաձայնագիրը հստակ դրույթներ է պարունակում երկրների ներքին գործերին կողմերի միջամտության և ներքաղաքական իրավիճակի ապակայունացման անընդունելիության վերաբերյալ:
Ընդ որում, այս տարվա հոկտեմբերին ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվել է "Նիկոլ Փաշինյան. փորձանքի ավետաբեր" հաղորդումը։ Թութտիի ժառանգի տիկնիկները", որի ընթացքում վիրավորական և միանգամայն անընդունելի արտահայտություններ են հնչել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ վերջինիս բողոքի նոտա է հանձնվել:
Ս.թ. նոյեմբերի վերջին կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները և առկա իրավիճակը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնական նամակի միջոցով հրավիրել է ռուսական կողմին խորհրդատվությունների: "Դա անհրաժեշտ է , որպեսզի մենք քննարկենք ստեղծված իրավիճակը և հասկանանք, թե ինչ հետևանքներ և լուծման ուղիներ կարող են լինել ։ Եվ ես հույս ունեմ, որ այդ խորհրդատվությունները հնարավորինս արագ կանցնեն, որպեսզի մենք կարողանանք այդ հարցը կարգավորել նորմալ աշխատանքային և բարեկամական միջավայրում", - ասել է նա։