Արմինֆո. Բոլորն ընդունում են, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" մասին պատումի անհիմն լինելը: Այդ մասին Pars Today-ին հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին։
Նրա խոսքով՝ դրա փոխարեն արդիական է Իրանի և Ադրբեջանի միջև "Արաքսյան ճանապարհ" միջանցքի ստեղծման մասին համաձայնագիրը: Այն իրենից ներկայացնում է հիանալի հնարավորություն, որը պետք է իրագործել ազգային և, նույնիսկ, միջազգային օրակարգի տեսանկյունից։
Մուսավին հավելել է, որ "Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումից հետո" օրակարգում դրվում են Կովկասում խաղաղության և հրադադարի մասին տարբեր պատումներ: "Մինչդեռ, արեւմտյան երկրները փորձել են Իրանը հանել այս տարածաշրջանի հավասարումներից եւ շարունակել առաջ մղել իրենց կեղծ պատումները, սակայն, այդ բանավեճն օրակարգից հանվել է տարբեր մակարդակներում իրականացված մի շարք միջոցառումների միջոցով", - ասել Է դիվանագետը:
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ըստ Իրանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի, Արաքս գետի վրա երկաթուղային կամուրջ կկառուցվի՝ ադրբեջանական կողմի ներդրումներով: Այդ կամուրջը կառուցվելու է Աղբենդի կամրջին զուգահեռ, որն իրենից ներկայացնում է Արաքս գետի վրայով անցնող ճանապարհ։
Նշենք, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին փորձում է արտատարածքային միջանցք ստանալ Հայաստանի Սյունիքի մարզով։ Միջանցքը կոչված է միացնելու Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանին։