Արմինֆո. 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:
Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում: Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել», - գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանում պաշտոնապես պահվում է 55 հայ: "Անշուշտ, նրանք բոլորն էլ տարբեր կարգավիճակներ ունեն՝ ռազմագերիներ, գերության մեջ պահվող քաղաքացիական անձինք և քաղաքական դրդապատճառներով պահվող անձինք։ Մասնավորապես ՝ պատանդ պահվող 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին քաղաքական կամ ռազմական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ", - պարզաբանել է իրավապաշտպանը, հավելելով, որ դրանք միայն պաշտոնական տվյալներ են։ Նրա խոսքով, բացի այդ, ադրբեջանական կողմը գերեվարել է ավելի քան 80 քաղաքացիական և զինվորական անձանց, որոնց ճակատագրերը պարզելու համար ոչինչ չի արվում: Սահակյանը փաստել է, որ պաշտոնապես հաստատվածների առաջին խումբն ավելի պաշտպանված վիճակում է՝ ի տարբերություն երկրորդ խմբի: "2021 թվականից ի վեր չեն արձանագրվել դեպքեր, երբ Ադրբեջանը պաշտոնապես հաստատի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց պահելու փաստը", - պարզաբանել է նա:-