Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և նրա տեղակալներին նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը, այլ ոչ թե՝ նախագահը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
<Գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ ԱԱԾ տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է հանրապետության նախագահը' վարչապետի ներկայացմամբ: Հաշվի առնելով, որ "Պետական կառավարման համակարգի մարմինների մասին" օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, իսկ ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները, գործող կարգավորումների համաձայն, նշանակվում և ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել առկա կարգավորումներն այնպես, որ վարչապետը նշանակի և պաշտոնից ազատի նշված անձանց՝ հաշվի առնելով ծառայության ենթակայությունը վարչապետին", - ասված է նախագծի հիմնավորման մեջ: Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով: