Արմինֆո. ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 29-ին այցելել են Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի սահմանային հատվածներ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, պատգամավորներին դիմավորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵՄ դիտորդները լիտվացի պատգամավորներին ներկայացրել են Երասխի սահմանային հատվածներում տիրող իրավիճակը: Դիտորդները հյուրերին ուղեկցել են այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը: Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների պատճառով:
Նշենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է՝ դիտարկել եւ զեկուցել զարգացումները Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում:
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաղորդել էր, որ Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկությունը կտեղափոխեն այլ վայր, սակայն, այն կլինի նախորդից ոչ հեռու ։ Գերատեսչության ղեկավարն ընդգծել էր, որ անկայուն իրավիճակը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում ներդրումների և տնտեսական ծրագրերի համար: Երասխում գործարանի կառուցման հնարավոր տեղափոխման մասին սկսել էին խոսել սեպտեմբերին։ Դրան նախորդել էին բազմաթիվ գնդակոծություններ գործարանի ուղղությամբ, որը կառուցվում է, այդ թվում ՝ ամերիկյան փողերով։ Գործծարանի սեփականաատերերն են ամերիկյան Virtual Funding եւ CESI Global Investments (GTB Steel ընկերության միջոցով) ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին, զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին: