Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն (AFET) քվեարկել է "Ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության" (CFSP) եւ "Անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության" (CSDP) զեկույցների օգտին, որոնցում դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել Է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Բալայանի խոսքով, վերոնշյալ զեկույցներում նաեւ պահանջվում է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանություն, կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ալիեւի ռեժիմի դեմ եւ կասեցնել "Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության շուրջ փոխըմբռնման հուշագիրը", ինչպես նաեւ հաստատվում է Հայաստանի ժողովրդավարական կառավարությանն աջակցությունը:
Հավելենք, որ CFSP-ի զեկույցում Թուրքիայի մասով ընդգծվում է, որ թուրքական կառավարության կուրսի արմատական փոփոխության բացակայության դեպքում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել։