Արմինֆո. Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը մեկնաբանել է Թուրքիայի կառավարող "Արդարություն և զարգացում" կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցությունը՝ Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու դիմաց:
"Այսօր Էրդողանի կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վրա նրա հարձակումներում՝ որպես F-16-ի եւ F-35-ի գնման պայման: "Մենք չենք հանդուրժի այդ շանտաժը", - ասել է Չելիքը", - գրել է Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում, սարկազմով փաստելով, որ Թուրքիան, միեւնույն է, ինքնաթիռներ կստանա:
Նշենք, որ նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Չելիքը հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները հանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման: "Եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, ապա "3+3" համագործակցության ձևաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության գործում", - շարունակել է նա:
Չելիքը նաև հաղորդել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը: Նա նշել է, որ Վաշինգտոնն այդ պահանջն առաջ է քաշել վերոնշյալ ժամանակահատվածում՝ որպես Թուրքիային F-16 ուղարկելու պայման: