Արմինֆո. Քննարկվում են Ռուսաստանից Հայաստան չառաքված սպառազինությանն առնչվող իրավիճակի լուծման մեխանիզմները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:
Որպես քննարկվող տարբերակներից մեկը նա նշել է Ռուսաստանի հանդեպ Հայաստանի պետական պարտքի դուրսգրումը՝ չմատակարարված սպառազինության դիմաց վճարված գումարի չափով ։ "Դա տարբերակներից մեկն է, բայց միակը չէ", - ասել է վարչապետը։ Ընդ որում, կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր Ռուսաստանն՝ ինքը, սպառազինության կարիք ունի։
"Մենք տրամադրված ենք աշխատանքային մթնոլորտում լուծել այս հարցը։ Եվ հուսով ենք, որ քննարկումները կբերեն կոնկրետ արդյունքների", - ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ առաջին անգամ ռուսական սպառազինության մատակարարման շուրջ պայմանավորվածության չկատարման մասին պաշտոնապես հայտարարել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշել էր, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է։ Դրանից հետո այդ տեղեկությունը հաստատել էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Օրեր առաջ "Խոսում է Մոսկվան" ռադիոկայանի ուղիղ եթերում ռուսաստանցի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադառնալով սպառազինության թեմային, որը Ռուսաստանը չի մատակարարել, ասել էր. "Այո, նրանք մեզանից սպառազինություն են գնել։ Մենք Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով ձգձգում ենք դրա մատակարարումը։ Նրանք օգտվեցին դրանից՝ ուրիշներին դիմելու համար":