Արմինֆո. Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Ընդ որում, նա չի հստակեցրել, թե Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի որ հատվածում է տեղի ունենալու այդ հանդիպումը:
Հավելենք, որ նման հանդիպում անցկացնելու համապատասխան առաջարկը հնչել է նոյեմբերի 21-ին Բաքվից, իսկ նոյեմբերի 22-ին՝ Երևանից։
Նշենք, որ 2022 թվականի մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակում և համապատասխան կարգադրությունների հիման վրա, հայ - ադրբեջանական միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը ՝ ՀՀ և ԱՀ միջև սահմանագծման և սահմանի անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Այն ժամանակ, միջպետական սահմանին հանդիպումներին զուգահեռ, կողմերը համաձայնության եկան հետագա հանդիպումների համար տարբեր հարթակների օգտագործման նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես, պայմանավորվել էին երկրորդ հանդիպումը Մոսկվայում, և երրորդ հանդիպումը Բրյուսելում անցկացնելու մասին։ Հանձնաժողովի վերջին՝ չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 12-ին ՝ պետական սահմանի Տավուշի հատվածում