Արմինֆո.Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- նշել է դեսպանը:
«Գնահատելի է Ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,-նշել է նախարարը:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են. նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում` Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին; վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերում; պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում:
Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:-