Արմինֆո.«Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռևս որևէ հաջողություն չունենք», - հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում իր ելույթում:
«Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի, խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, և սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ:
Հույս ունենք՝ Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան, և Հայաստանի Հանրապետությունը, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը», - ընդգծել է Փաշինյանը: