Արմինֆո.Երևանը քննարկում է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկը, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան: Այդ մասին "Ինտերֆաքս"-ին հաղորդել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
"Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, սակայն որոշակի պայմանավորվածություններ առայժմ չկան։ Քանի որ դժվարություններ են առաջանում աշխատանքային ժամանակացույցի առնչությամբ: Ուստի այստեղ ոչ մի խնդիր չկա, կա, պարզապես, տեխնիկական համաձայնեցում։ Հայկական կողմը չի հրաժարվում որևէ առաջարկից։ Աշխատանք է տարվում",-ասել է Հարությունյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի կուլուարներում՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին։
Նշենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման համար: Բաքվում նման հանդիպման համաձայնություն են տվել՝ ռուսական միջնորդությամբ։
Սակայն, օրերս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանն այս փուլում նպատակահարմար չի գտնում մեկնել Մոսկվա և նախընտրում է արևմտյան հարթակը, որտեղից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշակի առաջարկներ: