Արմինֆո. Այլ կերպ, քան դիվանագիտական դեմարշ, չես անվանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց։ Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա ասելով, եթե խոսքը եզակի դեպքի մասին լիներ, կարելի էր տարբեր բացատրություններ տալ, բայց արդեն ակնհայտ է դառնում, որ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ կամ ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Հասկանալի կլիներ, եթե երկրի իշխանությունները որդեգրեին պետության անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման գիծ՝ մեկը մյուսով լրացնելով, բայց այս դեպքում կարելի է խոսել ոչ թե փոխլրացման, այլ առաջնահերթությունների փոփոխության և այլ ճամբար տեղափոխվելու մասին։ "Անտառը կտրում են, տաշեղները թռչում են", - կրկնել է պատգամավորը հայտնի ասացվածքը, հավելելով, որ Հայաստանը չպետք է դառնա այդ "տաշեղը" և ընկնի ուժային կենտրոնների հարվածի տակ:
Ռուստամյանը կոչ է արել ուշադրություն դարձնել թշնամիների քաղաքականությանը, որոնց մոտ լավ է ստացվում առճակատումն օգտագործել ի շահ իրենց: "Իսկ մենք այդ հակամարտությունը մեզ վրա ենք վերցնում", - հավելել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու անհնարինության մասին: Մինչ այդ Փաշինյանը չէր մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին։ Կառավարության ղեկավարի օրինակին հետևել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Առաջինը չի մասնակցել Բիշքեկում կայացած ԱՊՀ ԱԳՆԽ գագաթնաժողովին, իսկ երկրորդը հրաժարվել է Մոսկվայում գործընկերների հետ հանդիպումից։