Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի տարածքներում իրականացված ուսումնասիրություններին, առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես, Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումն ու ընդգծել, որ այն ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքներն՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:
Հիշեցնենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ ակադեմիական ավանը կկառուցվի Աշտարակում։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այն կառուցվելու է Աշտարակ և Պռոշյան համայնքների միջև գտնվող տարածքում։ Ակադեմիական քաղաքում կտեղակայվեն մինչև 8 բուհեր՝ իրենց ողջ ենթակառուցվածքով։ Արդեն մշակվել է ավանի նախնական պլանը, ըստ որի, այնտեղ կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Բացի բուհերից, քաղաքում կստեղծվեն նաև բնակելի թաղամասեր, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված կլինի 50 հազար մարդու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի կառուցման համար միջոցները կներգրավվեն գործող պետական բուհերի շենքերի վաճառքից ստացված միջոցներից: