Արմինֆո. Ժամանակն է աջակցություն հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Այդ մասին նոյեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման հարթակներում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ իրավիճակի վերաբերյալ առաջիկա քննարկումներին։
"Կարեւոր է, որ արտաքին գործերի այս խորհուրդը հաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը՝ հզորացնելով Եվրոպական առաքելությունը եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Եկել է դա անելու ժամանակը", - ասել է ֆրանսիացի դիվանագետը։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն, իր հերթին, հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի պահպանմանն ուղղված Եվրոպական ջանքերն ավելացնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Եվրոպական պլատֆորմը հանդես է գալիս տարածաշրջանում իրական անվտանգության, վստահության և խաղաղության օգտին:
Նշենք, որ այսօր Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում է Գազայի, Ուկրաինայի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը: