Արմինֆո.ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու Ռուսաստանի սահմանապահները:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:
Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:
Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող», - նշել է Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանի "խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը մեծապես համահունչ է այն նախագծին, որը վերջին տարիներին քննարկվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել էր, որ Մոսկվան նախկինի պես պատրաստ է աջակցել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա, որտեղ հստակ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության դերը։ Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այդ ուղղությամբ հաղորդակցությունների պահպանության համար ՀՀ ԱԱԾ հատուկ կառույցների ստեղծման մասին հարցին՝ Զախարովան ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ վերոնշյալ եռակողմ հայտարարությունների համաձայն, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավարության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունները: