


Արմինֆո.ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այն օրենքով սահմանված կարգով քննարկել է նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում։
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։ Այսպիսով, պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը համապատասխան, Լևոն Քոչարյանը պետք է ազատ արձակվի կալանքից ։ Սակայն, ինչպես հաղորդել են կրտսեր Քոչարյանի փաստաբանները, իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը կշարունակվի։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ իրենց պաշտպանյալին ԱԺ պատգամավորի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ իրենք հրաժարվել են մասնակի, այլընտրանքային կիրառման միջոցների կիրառման մասով հատուկ քննության բողոքից: "Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանն ազատության մեջ կհայտնվի օրենքի ուժով, ուստի կալանավորման հիմքերի վերաբերյալ բողոքն անիմաստ է դառնում, ահա թե ինչու պաշտպանական կողմը բողոք է ներկայացնում միայն հիմնավոր կասկածի մասով", - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին մեղսագրվում է հակակառավարական ակցիաների ժամանակ չորս ոստիկանի վրա հարձակում: Սակայն հենց այն ժամանակ հայտնի է դարձել, որ նա ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ինչից հետո ուղեղի ցնցում ախտորոշմամբ հոսպիտալացվել է:



