Արմինֆո.Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության ձգտման հարցում աջակցելու Եվրոպական միության և Գերմանիայի հանձնառության մասին: Նրա հայտարարությունը հաջորդել է նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկումներին։
Բերբոքն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է հիմնված լինի երկու ժողովուրդների տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքի վրա: Նա տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հանդիպել մարդկանց հետ, ովքեր եկել են հակամարտության մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղից և ցանկություն են հայտնել վերադառնալ: Նա ընդգծել է նրանց անվտանգ վերադարձին նպաստելու կարևորությունը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումներին:
Բայրամովն, իր հերթին, ավանդույթի համաձայն, հայ բնակչության արտագաղթի պատասխանատվությունը դրել է անմիջականորեն Արցախի ղեկավարության և Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց մեղադրելով "տարիներ շարունակ ազգամիջյան լարվածություն հրահրելու" համար։ Այնուհետև նա սկսել է խոսել սեպտեմբերի 19-20-ը ԼՂՀ-ի դեմ ագրեսիայից հետո ինչ-որ կառուցողական ջանքերի և, իբր, արցախցիների հետ հանդիպման, "մարդասիրական օգնության, էլեկտրամատակարարման վերականգնման և տարածաշրջան ՄԱԿ-ի առաքելությանը, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա դիվանագետներին հասանելիության տրամադրման մասին"։ Բայրամովը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների Ադրբեջանի պատրաստակամությունը: Նա հիշեցրել է, որ վերջերս Թեհրանում Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցություններ է վարել "3+3" ձևաչափի շրջանակում: Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել և սպասում է Երևանի պատասխանին:
"Ինչ վերաբերում է բրյուսելյան ձեւաչափով բանակցություններին, ապա Բաքուն, ընդհանուր առմամբ, դրական դիրքորոշում է հայտնել։ Ադրբեջանը բաց է մնում տարբեր ձեւաչափերով եւ վայրերում բանակցությունների համար, եթե նման ճկունությունը կարող է նպաստել խաղաղության գործընթացին", - հայտարարել է Բայրամովը, հաղորդում է Turan-ը:
Այցի ընթացքում Բերբոքն անդրադարձել է նաև մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, ընդգծելով, որ և Ադրբեջանը, և Գերմանիան, որպես Եվրոպայի խորհրդի անդամներ, պարտավոր են կատարել իրենց պարտավորություններն այդ առնչությամբ: