Արմինֆո. Գերմանիան Հայաստանի կողքին է նրա համար այս դժվարին շրջանում։ Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը՝ Երեւանում մեդիագրագիտության շաբաթվա բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամն աջակցում է Հայաստանում այս կարևոր նախաձեռնության իրականացմանը: Դիվանագետն առանցքային է համարել երիտասարդության ներգրավումը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: "Գերմանիան Հայաստանի կողքին է այս ծանր շրջանում։ Դրա վառ վկայությունն է անցած շաբաթվա վերջին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի այցը Երեւան եւ այստեղ արդյունավետ անցկացրած հանդիպումները", - նշել է դեսպանը։
Միաժամանակ, Ռիխտերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանն արժանի տեղ է զբաղեցնում երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտներում Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը զարգացնելու լուրջ ներուժ կա։ Դիվանագետն անդրադարձել է նաև Հայաստանում Գյոթեի կենտրոնի գործունեությանը և տեղեկացրել Գյումրիում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղ բացելու մտադրության մասին:
Իր հերթին՝ ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն նշել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատում է մեդիագրագիտության հիմնարար դերին ժողովրդավարական հասարակությունների զարգացման գործում: Այսպիսով, նա դրական է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի մասնակցությունը Հայաստանում ծրագրերի ներդրման նախագծին: Նրա խոսքով ՝ մեդիագրագիտության մասսայականացումը, հատկապես, երիտասարդների շրջանում թույլ կտա զարգացնել նրանց քննադատական մտածողությունը, ճանաչել ապատեղեկատվությունը, մանիպուլյացիոն բնույթի տեղեկատվությունը, ծանոթանալ ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիների իրավունքներին:
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը նույնպես կարևոր է համարել այդ միջոցառման անցկացումը Հայաստանում: "Եվրամիությունը կարևորում է Հայաստանում մեդիագրագիտության զարգացումը։ Դա ժողովրդավարության կարևոր գործիք է՝ ապատեղեկատվությունը ճանաչելու համար։ Եվրամիությունը հանձնառու է աջակցել Հայաստանին ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ կայուն պայքարը դյուրացնելու, անկախ ԶԼՄ - ների կայացման, քաղաքացիական հասարակության գործունեության ապահովման, քննադատական մտածողության մշակման գործում", - նշել է եվրոպացի դիվանագետը:
Նշենք, որ նոյեմբերի 6-12 - ը Հայաստանում կանցկացվի մեդիագրագիտության շաբաթ: 6-րդ տարին անընդմեջ այն անցկացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Հայկական մեդիագրագիտության շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած "Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը թվային միջավայրում" գլոբալ շաբաթվա շարունակությունն է: Այս տարի այն իրականացվում է Եվրոպական միության "Երիտասարդությունը գործողության մեջ. Աջակցություն երիտասարդների իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանն ու առաջնորդությանը Հայաստանում" նախագծի համաֆինանսավորման և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող "Հայաստանի ԶԼՄ-ների զարգացում " ծրագրի շրջանակներում: