Արմինֆո. Հայկական «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը և Հոնկոնգի բապտիստական համալսարանի Դեյվիդ Չ. Լամի անվան Արևելք-Արևմուտք հետազոտությունների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, հուշագիրը ստորագրել են «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդի հիմնադիր տնօրեն ք.գ.թ․ Մհեր Սահակյանը և Հոնկոնգի բապտիստական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան և պրոֆեսոր Դանիել Վ. Լ. Լայը:
Այս ռազմավարական համագործակցությունը, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից, սահմանում է հիմնական նպատակները, որոնք ներառում են. ակադեմիական տեղեկատվության և հրապարակումների փոխանակում; փորձագիտական հանդիպումներ և խորհրդատվություն; համատեղ կոնֆերանսների, սեմինարների, դասընթացների և միջոցառումների կազմակերպում; համատեղ հետազոտական նախագծերի և հրապարակումների պատրաստում; անձնակազմի և ուսանողների փոխանակման խթանում:
Երկու ինստիտուտների միջև նախնական փոխգործակցությունը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ Մհեր Սահակյանը Հոնկոնգի համալսարանում մասնակցել է AsiaGlobal Fellowship ծրագրին: Արդյունքում, նա դասախոսություն է կարդացել Դեյվիդ Չ. Լամի անվան Արևելք-Արևմուտք հետազոտությունների ինստիտուտում ՝ տնօրեն դոկտոր Քևին Լոյի հրավերով:
Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի և Դեյվիդ Չ. Լամի անվան Արևելք-Արևմուտք հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության հաստատման կարևորությունը, համատեղ հետազոտությունների և ակադեմիական փոխանակումների կազմակերպումը:
Ք.գ.թ. Մհեր Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել դոկտոր Լոյին՝ ընդգծելով նրա առանցքային դերը փոխըմբռնման հուշագրի հաջող կնքման գործում: Նա նշել է, որ Դեյվիդ Չ. Լամի անվան Արևելք-Արևմուտք հետազոտությունների ինստիտուտի հետ երկարաժամկետ գործընկերության հաստատումը կարևոր հիմնակետ է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդի համար: Ք.գ.թ. Սահակյանն ընդգծել է իրենց վերջին համագործակցության ձեռքբերումները, այդ թվում՝ Հոնկոնգի բապտիստական համալսարանում համատեղ սեմինարը, որին մասնակցել են ավելի քան 58 մասնակիցներ, և նրանց համատեղ ներդրումը Routledge Handbook of Chinese and Eurasian International Relations գրքի պատրաստման գործում, որը հրատարակելու է Routledge-ը՝ հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում գիտական աշխատությունների աշխարհի խոշորագույն հրատարակիչը:
Ք.գ.թ. Սահակյանը լավատեսություն է հայտնել, որ փոխըմբռնման հուշագիրը ճանապարհ կհարթի համագործակցության ընդլայնման և ապագայում բարենպաստ արդյունքների համար: