Արմինֆո.Վաշինգտոնն աջակցում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական բյուրոյին հաղորդել են ԱՄՆ դեսպանատնից, ըստ էության, հարցը թողնելով անպատասխան:
Նշվում է, որ "Ազատություն" ռադիոկայանը դեսպանատնից միտումնավոր հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր է ԱՄՆ-ի մասնակցությունը դիտորդական առաքելությանը, հաշվի առնելով, որ առկա են ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկություններ: Դեսպանությունում միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում, Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու ուղղությամբ։ "Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը", - ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:
Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հակի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ, ինչից հետո առաքելությունից հաղորդել են, որ կողմերը քննարկել են ԵՄ առաքելության մանդատը և հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության իրավիճակի զարգացումը: