Արմինֆո.Հայ բանաստեղծ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների դեմ ֆրանսիական զինված դիմադրության առաջնորդ Միսաք Մանուշյանը վերահուղարկավորվելու է Փարիզի պանթեոնում: Այդ մասին հոկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքը։
"Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ Միսաք Մանուշյանը կդառնա Փարիզի պանթեոնում հուղարկավորված առաջին օտարերկրացին", - ասել է նա:
Հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը՝ նախարարն ընդգծել է, որ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի վեհության մի մասն է և մարմնավորում է ֆրանսիական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը: "Ուստի, մենք պարտավոր ենք նրան այդպես մեծարել", - ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ վերահուղարկավորումը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 21-ին։ Սա խորհրդանշական ամսաթիվ է, քանի որ 80 տարի առաջ՝ 1944 թվականի փետրվարի 21-ին, նա գնդակահարվեց Ֆորտ Մոն Վալերիենի բանտում՝ նացիստական օկուպացիայի դեմ պայքարի իր քսան զինակիցների հետ միասին: