Արմինֆո. Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններում պատահականություններին և զուգադիպություններին:
Այսպես, արձագանքելով այն տեղեկությանը, թե հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չի կայանա, նա, մասնավորապես, գրել է. "Այս կամ այն իրադարձությունների շղթայի բացատրության մեջ մենք հաճախ հիշում ենք բանաձևը. առաջին անգամ՝ պատահականություն, երկրորդ անգամ՝ զուգադիպություն, երրորդ անգամ՝ օրինաչափություն։ Միայն 2023 թվականի հոկտեմբերին Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եվրոպական հարթակներում և ԵՄ միջնորդությամբ երկու անգամ տապալվել են"։
Նա հիշեցրել է, որ սկզբում դա տեղի է ունեցել Գրանադայում, որտեղ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում պետք է անցկացվեին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ Եվրամիության, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: "Վերջին պահին Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել դրանց։ Հիմա՝ Բրյուսելը: Հոկտեմբերի 25-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները մինչև ընթացիկ ամսվա վերջ չեն կայանա: Եվ չի բացառվում, որ նոյեմբերին էլ դրա հետ կապված խնդիրներ առաջանան։ Դեհ՝ ինչ, Մոսկվան հնարավորություն ունի վերցնել նախաձեռնությունը։
Ադրբեջանի մերժումը հասկանալի է։ Բաքուն, գործնականում, վերցրել է այն ամենը, ինչ ուզում էր։ Ոչ միայն տարածքները: Ստացել է Լեռնային Ղարաբաղն՝ առանց հայ համայնքի։ Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը ցանկանա վերադառնալ, դա կլինի զուտ "հումանիտար", ոչ մի սոցիալ-քաղաքական նախագիծ "վերադարձողները" չեն բերի։ Եվ Երեւանն էլ չի ցանկանա եւ չի կարողանա աջակցել ադրբեջանական Ղարաբաղի համար ինչ-որ հիպոթետիկ հայկական ծրագրի", - կարծում է ռուս փորձագետը։
Ընդ որում, նա կարծում է, որ Երևանի համար կան այլ տեսակի մտավախություններ։ "Հայաստանի իշխանությունները կցանկանային խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց բնավ փաստ չէ, որ ամեն ինչ կստացվի անել հստակ "Ալմա-Աթայի նախշերով" (հղում 1991 թվականի հռչակագրին)։ Իսկ Ադրբեջանը, ուժ զգալով, կարող է իրեն թույլ տալ սպասել և պայմանագրի տեքստին մոտենալ որոշ "կրեատիվ գաղափարներով"։ Եվ փաստ չէ, որ ինչ-որ մեկը կարող է դիմակայել դրան: Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների բարդ շրջան է ապրում։ Բայց ԵՄ-ն էլ այլընտրանք կամ ելք չէ։ Ռուսաստանին կարող են պահանջներ ներկայացվել (և, նկատենք, ոչ բոլորն են բացառապես զգացմունքային և անհիմն)։ Բայց ոչ մինչև 2023 թվականը, ոչ էլ դրանից հետո ԵՄ-ը (և ԱՄՆ-ը) չունի այնպիսի բան, որը կարող էր դիտարկվել որպես "փոխհատուցման մեխանիզմ"։ Եվ դժվար թե լինի", - համոզված է Մարկեդոնովը։ Դրա հետ մեկտեղ, նա կարծում է, որ խաղաղության պայմանագիրը մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը հնարավոր է, ընդ որում, հնարավոր է և ԵՄ-ի, և Ռուսաստանի միջնորդությամբ։
"Բայց, պետք է հասկանալ, որ շրջանակային փաստաթուղթն ինքնին առանց կոնկրետ "լրացման" չի ավարտի հակամարտությունը։ Քանի դեռ մի շարք էական պահեր (պետական սահմանի սահմանազատումից մինչև անկլավներ) այս կամ այն կերպ չեն լուծվել։ Այս կամ այն ուղղությամբ:
Վերջին պահը՝ ըստ հերթականության, բայց ոչ՝ ըստ կարևորության։ Հայաստանի պաշտոնական իշխանությունների վարքագծին՝ թե երկրի ներսում, թե միջազգային ասպարեզում, շատ արդարացի դժգոհություններ եւ բովանդակային հարցեր կան։ Սակայն չափազանց կարևոր է ծայրահեղությունների մեջ չընկնել և չանձնավորել երկկողմ հարաբերությունները, ինչը մեզ մոտ արվում է ամենուրեք։ 20-րդ դարի սկզբին Արևմուտքում առավել խորաթափանց քաղաքական գործիչները, նույնիսկ, նրանք, ովքեր չէին սիրում կամ, նույնիսկ, ատում էին բոլշևիկներին, հասկանում էին, որ այդ կոնկրետ պատմական հանգամանքներում միլիոնավոր "հասարակ ռուս մուժիկներ" ապրում և խոսում էին Լենինի ձայնով և "առաջնորդի" մտքերով: Այսօրվա Հայաստանում նրա բազմահազար քաղաքացիներ խոսում են Փաշինյանի լեզվով։ Դուր է գալիս դա մեզ, թե՝ ոչ, առանձին հարց է։ Եվ եթե "change regime" -ը մեր մեթոդը չէ, ապա այս քեյսը պետք է բժշկվի, հաստատ, ոչ կասկածելի որակի հեռուստատեսային արտադրանքով, որը վերաբերում է Յուրի Օլյոշայի հայտնի հերոսներին: Էմպատիա + պրոֆեսիոնալիզմ+ոչ հրապարակայնություն: Ահա այն դեղերը, որոնք այսօր մյուսներից ավելի հարմար են", - ամփոփել է Մարկեդոնովը։