Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է օրենսդրական մակարդակով կարգավորել առցանց հարթակների միջոցով ամրագրվող ուղևորափոխադրումների հետ կապված հարցերը: Ազգային ժողովը հոկտեմբերի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Ավտոմոբիլային տրանսպորտի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ներկայում առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումները, հատկապես, դա վերաբերում է տաքսիներին, Հայաստանում լայն տարածում են ստացել: Այնուամենայնիվ, օրենսդրական մակարդակում խնդիրը լուծված չէ, ինչը թույլ է տալիս փոխադրողներին խուսափել հարկային հատկացումներից և, ի վերջո, իրենց համար ստեղծել անհավասար մրցակցային առավելություններ օրինապահ ընկերությունների նկատմամբ: Փաթեթով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի, այսուհետ փոխադրողներն իրենց գործունեության մեկնարկի մասին ազդարարման միջոցով պետք է գրանցեն իրենց բիզնեսը՝ վճարելով տարեկան 1 մլն դրամ պետական տուրք:
Բացի այդ, առցանց հարթակի միջոցով ամրագրված ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներից առաջարկվում է լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք սահմանել՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարմամբ՝ 1,5%, 2025 թվականի հունվարի 1 - ից՝ 2,5%, 2026 թվականի փետրվարի 1 - ից՝ 4%, իսկ կանխիկ վճարման դեպքում ՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2%, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 3,5%, 2026 թվականի փետրվարի 1-ից՝ 5%: Բոլոր տաքսու վարորդները պարտադիր պետք է իրենց մեքենաները համալրեն հսկիչ-դրամարկղային մեքենաներով, ինչպես նաև պատասխանատու կողմին տրամադրեն պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագիր: Օրենքի դրույթները չկատարելու դեպքում նախատեսվում է կիրառել տուգանքային պատժամիջոցներ:
Սիմոնյանը նշել է, որ փաթեթի ընդունման դեպքում շուկայում կձևավորվեն հավասար մրցակցային պայմաններ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել էր, որ տարբեր գնահատականներով, առցանց հարթակներում ուղևորափոխադրումներ իրականացնելու համար գրանցվել է շուրջ 80 հազար մարդ, որից ընդամենը 25-30 հազարն է զբաղվում ակտիվ փոխադրումներով: Հայաստանի ուղևորափոխադրումների ոլորտում զգալի թվով վարորդներ կան, որոնք ծառայություններ են մատուցում անհատապես և հարկեր չեն վճարում: Նրանք ունեն առավելություն նրանց նկատմամբ, ովքեր աշխատում են օրինական: Ուստի, պետք է հարկային պարտավորություններ մտցնել բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են նման գործունեությամբ։ Դրա համար Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել նոր մեխանիզմներ՝ բոլոր օրինական փոխադրողների համար բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար։ "Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները իրականում իրականացնում են ուղևորափոխադրումների գործունեություն, ընդունում են պատվերներ, կարգավորում սակագները, սահմանում են պահանջները՝ էկոնոմ, կոմֆորտ, բիզնես դասեր և այլն, բայց, ըստ էության, այս ամենը առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության", - ընդգծել էր պաշտոնյան: