Արմինֆո. «Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի, ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետեւյալ հիմնական ուղերձով: Մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, այսինքն մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նշելով այն սկզբունքները, որոնց պահպանման դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության մասին փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն տարեվերջին:
«Հատուկ ուզում եմ ընդգծել, խաղաղության մասին մեր պատկերացումները որեւէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետեւ մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը: Եվ խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը:
Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների եւ հուսահատությունների հանգամանքը:
Բայց արդյոք խաղաղությունը հնարավոր է եւ եթե այո, ինչպե՞ս: Հոկտեմբերի սկզբին, Եվրոպական քաղաքական համայնքի՝ Գրանադայի գագաթաժողովից առաջ մենք խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն ունեինք, բայց Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման սկզբունքները: Այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենեւին էլ նոր չեն եւ ձեւավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես:
Այդ սկզբունքները կոնկրետացվեցին 2023 թվականին ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում եւ այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ:
Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ, մեջբերում եմ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը» (մեջբերման ավարտ)։
Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ եւ Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը (մեջբերման ավարտ)։
Նույն սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները եւս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր» (մեջբերման ավարտ):
Հարգելի ներկաներ, այն ինչ լրացուցիչ պետք է իմանաք այս առիթով՝ հետեւյալն է. այս պայմանավորվածություններից հետո ես մի քանի անգամ հրապարակային վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել: Վերջերս նա հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց 29 հազար 800-ը չի հիշատակել, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար: Տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու պայմանավորվածությունը հենց դրա համար է ձեռքբերվել, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելիս երկիմաստություններ թույլ չտան, ասենք, օրինակ` ասելով, թե տվյալ երկրի տարածքի մի մասն իրականում իրեն չի պատկանում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է՝ հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար» (մեջբերման ավարտ)։
Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Երկու առաջնորդները վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ» (մեջբերման ավարտ):
Այս նույն սկզբունքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով արձանագրվել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար» (մեջբերման ավարտ):
Այս սկզբունքի մասին պետք է իմանաք հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետեւյալ երկու կարեւոր արձանագրումները.
1. Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:
2. Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը եւ, հետեւաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին եւ վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաեւ երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:
Հարգելի ներկաներ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել» (մեջբերման ավարտ)։
Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Մենք (այսինքն՝ ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես) քննարկեցինք ապագա տրանսպորտային համաձայնեցումների կարգավորումները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքը» (մեջբերման ավարտ):
Այս սկզբունքի մասին անհրաժեշտ է իմանալ հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին: Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ: Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Առանձնահատկությունն այն է, որ ըստ այդ փաստաթղթի, Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, խաղաղապահների վերահսկողության ներքո: Հետեւաբար, այս կոնտեքստում, միջանցք բառն ունի արտատարածքային շերտի իմաստ:
Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի տեղ, իր որեւէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության եւ իրավազորության որեւէ սահմանափակման չի համաձայնվել, նման խոստում չի տվել: Հետեւաբար՝ ի՞նչ է նշանակում վերը մեջբերված սկզբունքը:
Նշանակում է մի պարզ բան. Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային եւ այլ վերաբերելի հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքով եւ մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների, պատրաստ ենք վերականգնել Մեղրի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավ-արեւմտյան շրջանները` Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, հետագա շարունակությամբ Հայաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Ծոցից մինչեւ Սեւ ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու, եւ այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է եւ այս անունը նույնքան կարեւոր եւ ընդունելի է մեզ համար: Նույն տրամաբանությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետեւ խաղաղության խաչմերուկը ենթադրում է, այդ թվում՝ խողովակաշարերի եւ էլեկտրագծերի անցում:
Նման լուծումները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:
Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որեւէ հիմք չկա եւ կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար:
Նման բան թույլ տալ չի կարելի: Ինչպես տեսաք, վերը բերված բոլոր սկզբունքները մշակվել եւ համաձայնեցվել են ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եւ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Ընդ որում, տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ ս/թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Եվ վերջապես, պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց: Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհրդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք եւ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական:
Մենք պատրաստ ենք նաեւ բոլոր գերիների, պահվող անձանց եւ կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաեւ սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ:
Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն: Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի և Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով: Եվ հենց այս հարցում պիտի հայցեմ ձեր բոլորի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ, ինչպես արդեն ասացի, պայմանավորվածության ենք եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ», - ընդգծել է Փաշինյանն իր ելույթում։