Արմինֆո. Երևանը միտված է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն որևէ կերպ չի ցանկանում այդ հարաբերությունները հակադրել տարածաշրջանային համագործակցությանը և տարածաշրջանային տեսլականին: Այդ մասին հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Փաշինյանի խոսքով ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեհամակարգի վրա։ "Ժողովրդավարությունը ՀՀ-ի համար ռազմավարական ընտրություն է, այլ ոչ թե՝ հանգամանքներով թելադրված ընտրություն", - ասել է նա:
Հայաստանը, ինչպես նշել է վարչապետը, հանձնառու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի (SEPA) լիակատար իրագործմանը: "Վստահ եմ, որ ԵՄ-ը և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները։ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններում ի հայտ է եկել անվտանգության բաղադրիչ՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում ՀՀ պետական սահմանի երկայնքով", - նշել է նա:
Փաշինյանի կարծիքով՝ այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ում կոնսենսուս կա Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առնչությամբ։ Նա հիշեցրել է, որ վերջերս Երեւանը վավերացրել է Հռոմի ստատուտը, ինչպես նաեւ Կոնվենցիայի թիվ 13 արձանագրությունը, որը վերացնում է մահապատիժը բոլոր հանգամանքներում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կան հարցեր, որոնց լուծման համար Հայաստանը կարիք ունի ԵՄ անհապաղ աջակցության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների առնչությամբ:-