Արմինֆո.Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանին թույլ չեն տվել մասնակցել Տորոնտոյի հայկական կենտրոնում կազմակերպված Համահայկական հիմնադրամի վարչության բարեգործական ճաշկերույթին:
Ինչպես պարզ է դարձել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից, ճաշը կազմակերպել էր Համահայկական հիմնադրամը՝ հոկտեմբերի 15-ին Տորոնտոյի հայկական կենտրոնում: Սակայն, կենտրոնի մուտքի մոտ հավաքված հայ երիտասարդները թույլ չեն տալիս դեսպանին մտնել շենք։ Երիտասարդները դեսպանին դիմավորել են "ոչ ցեղասպանությանը" գրությամբ պաստառներով, որոնց վրա պատկերված էին տեղահանված և սովի մատնված արցախցիներ: Ցուցարարների ձեռքում եղել են նաև Արցախով և առանց Արցախի Հայաստանի քարտեզներով պաստառներ՝ հարցադրամբ, թե երկրի որ շրջանն է լինելու հաջորդը՝ ԼՂՀ հանձնումից հետո։
Ցուցարարները հայտարարել են, որ նպատակահարմար չեն համարում դեսպանի ներկայությունը Հայկական կենտրոնում: Նրանց խոսքով՝ իրենք ոչինչ չունեն Անահիտ Հարությունյանի դեմ, սակայն, ներկա պայմաններում նա ներկայացնում է ՀՀ-ը, հետևաբար, վարում է այն կործանարար քաղաքականության գիծը, որը հռչակել են Հայաստանի գործող իշխանությունները: "Մենք Հարությունյանի դեմ ոչինչ չունենք, բայց նա ներկայացնում է Արցախը հանձնած, ավելի քան 5000 երիտասարդների մահվան պատճառ դարձած, 120 000 արցախահայության տեղահանման մեջ ներգրավված և սփյուռքահայ մեր ընկերների մուտքը Հայաստան խոչընդոտող ներկայիս իշխանությունը: Այսպիսով, դավաճան իշխանությունների և նրանց պաշտոնյաների մուտքն այս կենտրոն անթույլատրելի է", - նշել են ակցիայի մասնակիցները:
Իր հերթին՝ Հայաստանի դեսպանը, վրդովված երիտասարդների նման գործողություններից, ափսոսանք է հայտնել նրանց քայլերի համար, միաժամանակ ընդգծելով, որ առանց ուժեղ Հայաստանի անհնար է Սփյուռքը հետ պահել քայքայումից: Ընդ որում, նա հավաքված հյուրերին կոչ է արել մասնակցել ճաշկերույթին և շռայլ նվիրատվություններ անել հանուն Արցախի։ "Արցախահայության բարոյական վիճակն այսօր այնքան ծանր է, որ մենք չպետք է տեղի տանք հույզերին և նման միջադեպերին, և այդ գումարները պեըք է հավաքենք նրանց համար։ Ես ուզում եմ հավատալ, որ այս բողոքն էլ անտարբերության դրսևորում չէ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր հայրենակիցների հետ, չէ որ այս կյանքում ամենասարսափելին անտարբերությունն է։ Ցավում եմ, որ այդ գործողությունները դրսևորվում են հայի, նրա աշխատանքի, ջանքերի նկատմամբ ։ Սթափության կոչ եմ անում ձեզ, որպեսզի ի վերջո հասկանաք, թե ինչ է պետությունը և պետականությունը։ Այս քայլը հարված է ոչ միայն Արցախի մեր հայրենակիցներին, այլև՝ ՀՀ սահմանին կանգնած զինվորներին", - ասել է նա։
Դա առաջացրել է ցուցարարների բուռն հակազդեցությունը, ովքեր չեն համաձայնել իրենց գործողություններով արցախցիներին վնաս հասցնելու մասին դեսպանի խոսքերին։