


Արմինֆո. Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով, պահանջելով նաև պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց: Այդ մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել է Դատարանին Ադրբեջանին պարտավորեցնել տեղեկացնելու իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին ու տրամադրել ամբողջական տվյալները:
Ավելի վաղ Եվրոպական դատարան ներկայացված դիումի վերաբերյալ Ադրբեջանը դատարանին էր ներկայացրել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն, որը փոխանցվել է վերջինիս մերձավոր ազգականներին:
Հ. Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանից անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես այն փոխանցվում է վերջիններիս հարազատներին», - ասվում է հաղորդագրությունում:
Վերջին տվյալներով ՝ ադրբեջանական իշխանությունները Լեռնային Ղարաբաղում, Վարդանյանից բացի, ձերբակալել են չճանաչված հանրապետության երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ - լեյտենանտ Լևոն Մնացականյանին և բանակի շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանին։



