Արմինֆո.Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի պետությունը կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
"Ավելի մանրամասն չեմ կարող խոսել այդ հարցի մասին", - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Նա նաև ընդգծել է, որ իր այցը Հայաստան հերթական միջոցն է՝ ցույց տալու, որ Ֆրանսիան չափազանց ուշադիր է լինելու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած սպառնալիքի:
Նախարարը տեղեկացրել է, որ գրավոր դիմել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ՝ առաջարկելով ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում, ուժեղացնել նրա մանդատը, որպեսզի վերջիններս ավելի օգտակար լինեն երկրի համար: Կոլոննան նշել է, որ առաջարկել է նաև Հայաստանը ներառել եվրոպական խաղաղության մեխանիզմի մեջ ՝ Մոլդովայի օրինակով:
"Մեր նպատակն է, որպեսզի թե ԵՄ-ը, թե նրա մյուս անդամները նույնպիսի հստակ ազդակներ ցուցաբերեն Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, ինչպես՝ Ֆրանսիան։ Ցանկացած գործողություն, որը կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, պետք է արժանանա հստակ գնահատականի։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք այս հարցում ապավինել նաև մեր մյուս գործընկերներին, հատկապես, ԱՄՆ - ին", - ասել է Կոլոննան։