Արմինֆո.Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում:
«Ֆրանսիան վճռականորեն հանձնառու է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու հարցում և աջակցում է փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց հողն ու իրենց տները», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը: Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար:
Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Կատրին Կոլոննան հայտնել էր, որ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկվեն Երևան:
Ավելի վաղ, կարևորելով հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, դեսպան Դըկոտինյին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տեղեկացրել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ որոշում է կայացրել 7 միլիոն եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների բավարարման համար:
Դեսպանը նաև տեղեկացրել էր, որ ֆրանսիական կողմը ՀՀ կուղարկի դեղորայք և սարքավորումներ տեղափոխող ինքնաթիռ ՝ Լեռնային Ղարաբաղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած մարդկանց առաջնային բժշկական օգնություն ցուցաբերելու համար: