Արմինֆո. Եվլախ քաղաքում ավարտվել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, "Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայ բնակիչների ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրման հարցեր":
Նշվում է, որ հանդիպմանն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները ներկայացրել են Ռամին Մամեդովը, որը "պատասխանատու է նշանակվել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների համար, օկուպացիայից ազատագրված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիեւը եւ հատուկ ներկայացուցչության աշխատակից Իլկին Սուլթանովը": Հանդիպմանը Ստեփանակերտը ներկայացրել են Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը, հայտարարելով "լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների" մեկնարկի մասին, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ գնդակոծել են Ստեփանակերտի արվարձանները և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Գնդակոծության տակ են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքները, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտն ընդունել է հրադադար հաստատելու ՌԽԶ հրամանատարության առաջարկները։ Սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանել են ադրբեջանական Եվլախ ' քննարկելու <Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման մասին> հարցերը, երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում: