Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավուքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ: Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։
Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:
Նույն օրը ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւԿարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: Այս համատեսքտում կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների և անձանց անխափան տեղաշարժի ապահովման միջոցով: