Արմինֆո.Մոսկվայում պետք է հասկանան, որ Արցախի հանձնումը Բաքվի ռեժիմին լրջագույն ռիսկեր է ձևավորում հենց ռուսական գեոռազմավարության, ինչպես նաև ներքին կայունության համար: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագիտության դոկտոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
«Հայաստանի առջև այժմ դրված են շատ հստակ պահանջներ, այն է ՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ինչպես նաև դուրս բերել ռուսական ռազմական բազան: Բազմիցս ասվել է այն մասին, որ ձևավորվող ռազմավարական վակուումը շատ արագ լցվելու է թուրքական ազդեցությամբ: Թվում է, թե խնդիրն այս տեսքով գոյություն է ունենալու միայն Հայաստանի համար: Սակայն միայն առաջին հայացքից:
ՈՒժերի այսպիսի դասավորվածությունը լուրջ հիքմեր է ստեղծելու Անկարայի համար Հյուսիսային Կովկասում հակառուսական քարտը խաղարկելու համար: Դա կարող է ունենալ երկու դրսևորում.
1. Անկարան կփորձի նոր լիցք հաղորդել ՛՛Իչկերիայի հանրապետություն՛՛ ահաբեկչական-անջատվողական նախագծին, ինչի փորձերն արվում էին դեռևս 1990-ականներին: Նախագծի հետևորդներն ու շահառուները դեռևս խաղի մեջ են՝ շարունակելով փոքր ճամբարներով պարտիզանություն անել հյուսիս-կովկասյան անտառներում:
2. Անկարան կաջակցի Բաքվի ռեժիմին Դաղստանի հանդեպ իր տարածքային պահանջները բավարարելու նպատակով: Եթե պայթի Հյուսիսային Կովկասը, ապա պետք չէ բացառել, որ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու դիմաց Անկարան կարող է բարձրացնել նաև ՛՛պատմական ադրբեջանական հողերի՛՛ վերադարձի հարցը:
Այսօր կան բոլոր նախադրյալները Հյուսիսային Կովկասում բացասական զարգացումների համար: Կառուցելով այդ ռեգիոնի անվտանգային համակարգը բացառապես մեկ մարդու՝ Ռամզան Կադիրովի վրա, Մոսկվան այսօր հայտնվել է բավականին բարդ կացության մեջ՝ հաշվի առնելով չեչենական առաջնորդի առողջական խնդիրները: Կադիրովի մահը կամ խաղից դուրս գալը քանդելու է հյուսիս-կովկասյան անվտանգության ողջ համակարգը՝ այլընտրանքային առաջնորդի բացակայության պայմաններում:
Փաստենք, որ Մոսկվային դեռևս չի հաջողվել սանձել այդ խնդրահայրույց ռեգիոնը, ինչի ուղղությամբ աշխատանք է տարվում 1817 թ.-ից ի վեր (Կովկասյան պատերազմի սկիզբը):
Տնօրինելով Հայաստանն ու Արդբեջանը՝ Անկարան դառնալու է հյուսիս-կովկասյան քաղաքականության առանցքային դերակատար: Այսպիսին է Արցախի հանձնումը որպես աշխարհաքաղաքական տրիգեր», - գրել է Դավթյանը: