Արմինֆո.Սեպտեմբերի 15-ին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, օրակարգում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում անձանց միջպետական հետախուզման, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման, Համացանցում թմրամիջոցների անօրինական շրջնառության հակազդման, կիբերհանցավորության դեմ պայքարի, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի օբյեկտներում հասարակական կարգի ապահովման և այլ հարցեր էին:
Նիստում ելույթ է ունեցել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության կազմավորման ընթացքին, Պարեկային ծառայության կայացմանն ու քրեական ոստիկանության ստորաբաժանումների կազմավորմանը և բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ գործընթացների:
Վահե Ղազարյանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է կիբերհանցավորության աճի միտումներին ու Համացանցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տարածման խնդիրներին և ընդգծել, որ այդ ոլորտում պայքարի արդյունավետության բարձրացման համար ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ մարմինների մշտական և անընդմեջ օպերատիվ կապին զուգահեռ անհրաժեշտ է միասնական միջոցներ ձեռնարկել և մշակել փոխհամաձայնեցված մոտեցումներ, մասնավորապես՝ ձևավորել ոլորտի մասնագիտացված ստորաբաժանումներ ԱՊՀ շրջանակում:
Քննարկված հարցերի վերաբերյալ կայացվել են կոնկրետ որոշումներ, ու ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր: ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հաջորդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում: