Արմինֆո.Նույնիսկ 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների քաղաքականություն։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Միջազգային քրիստոնեական համերաշխություն" մարդասիրական ոչ կառավարական կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Վեռն Էյբները։
Նա լրագրողներին ներկայացրել է մի զեկույց, որը հրապարակվել էր 30 տարի առաջ՝ "էթնիկ զտումներն այսօր։ Պատերազմ Լեռնային Ղարաբաղում" վերնագրով, որում ներկայացված են տվյալներ արցախահայության նկատմամբ Բաքվի բարբարոսությունների մասին։ "Ցավոք, եթե այսօր մի փոքր խմբագրենք այդ զեկույցը, ապա դրանում կփոխվի միայն վերնագիրը, որտեղ Լեռնային Ղարաբաղին կավելացվի "եւ Հայաստանում" բառակապակցությունը", - նշել է Էյբները, հավելելով, որ պատերազմը եկել է նաեւ Հայաստանի հող: Այն հողերում, որոնք զավթվել են Ադրբեջանի կողմից, արդեն իրականացվել են
էթնիկ զտումներ. "Պատերազմ հանուն պատերազմի չի լինում, դրա կիրառման ընթացքում օգտագործվում են տարբեր մեխանիզմներ, սակայն Ադրբեջանի նպատակները շատ որոշակի են, և դրանք նոր չեն, մենք դրանց ականատեսն ենք եղել դիմակայության ողջ պատմության ընթացքում, այն է. ստանալ հողեր՝ առանց հայերի", - ասել է Էյբները:
Նշելով դիվանագիտությունը որպես պատերազմի գործիքներից մեկը՝ բանախոսն ընդգծել է դրա արդյունավետությունը այն դեպքում, երբ դրա հետևում կանգնած են ուժի կիրառման սպառնալիքներ, ինչին այսօր բոլորն ականատես են լինում: Այս դիվանագիտության դրսևորումներից են Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտահոսք իրականացնելու փորձերը, որոնց նպաստում են տեղի հայ բնակչության համար վտանգ ներկայացնող ռազմական գործողությունների սպառնալիքները։ Որպես այդ քաղաքականության օրինակ բանախոսը նշել է ադրբեջանցի դիվանագետներից մեկի հայտարարությունը, որը մեկ շաբաթ առաջ DW-ին հայտարարել էր, որ "ցեղասպանությունը հնարավոր է, եթե Ղարաբաղում անջատողական ռեժիմը շարունակի բնակչությանը պահել իր պատանդի կարգավիճակում":
Էյբները նշել է, որ էթնիկ զտումների եղանակները կարող են փոխվել, սակայն դրանք այսօր էլ կրում են հետևողական բնույթ: Ընդ որում, այս ֆոնին գերտերություններն աջակցում են Ադրբեջանին այդ նպատակին հասնելու համար։