Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ բացասական ազդեցություն չթողնելու ուղղությամբ: Այդ մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նշելով բռնության սրման վտանգի առկայությունը՝ ՊՆ փոխնախարարը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայ - ադրբեջանական սահմանին նկատվում են ադրբեջանական զորքերի և տեխնիկայի կուտակումներ: Փոխնախարարը նշել է, որ երկրի պաշտպանական գերատեսչությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել: "Ավելորդ լարվածությունից խուսափելու նպատակով ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչի մասին տեղեկացնում ենք", - հավելել է Սարգսյանը:
Նա նշել է, որ կան տեսագրություններ, որտեղ երևում է, որ հակառակորդը սահմանին կենդանի ուժ և հարձակողական սպառազինություն է կուտակում: «Տեսանյութում հստակ երևում են հրետանու և մի շարք այլ ռազմական տեխնիկայի կուտակումներ: Ես չեմ ուզում նորից խոսել այդ մասին, պարզապես, հորդորում եմ ձեզ հետևել մեր տեղեկատվությանը, մենք կանոնավոր տեղեկատվություն ենք տրամադրում: Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, իր լիազորությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ բացասական ազդեցություն չթողնելու համար: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի վտանգը միշտ առկա է, բայց մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի գործն, ընդհանուր առմամբ, չվերածվի խոշոր ռազմական գործողությունների", - եզրափակել է Սարգսյանը։