Արմինֆո.Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալասը X-ում հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ՝ վերջինիս Կիպրոս այցի չեղարկումից հետո: Յորգալասի խոսքով ՝ այցը չեղարկվել է Հայաստանում իրավիճակի սրման պատճառով:
<Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ ՝ Հայաստանում իրավիճակի սրման կապակցությամբ Կիպրոս նախատեսված նրա այցի չեղարկումից հետո: Մենք վերահաստատել ենք մեր երկրների միջև հրաշալի հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր հիանալի համագործակցությունը՝ Հունաստանի հետ եռակողմ ձևաչափով: Ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին։ Մեր փոխադարձ ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ երբ հանգամանքները թույլ տան>, - գրել է նա ։
Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցած շաբաթ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն սրվել է, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներով: Հիշեցնելով Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակման և սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղի ունեցած հերթական սադրանքի մասին, որի հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ 3 զինծառայող, Փաշինյանը նշել է, որ վերջին գործողություններով Բաքուն ի ցույց է դնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ռազմական սադրանք իրականացնելու իր մտադրությունը: "Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար", - ընդգծել է կառավարության ղեկավարը: